«ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
Երբ բացեցի գիրքը, ինձ թվում էր, թե ծանոթ պատկեր եմ տեսնելու՝ վաստակաշատ ու սիրված դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻՆ, անգամ նրա խաղացած դերերը, նրա անցած ուղին ու կյանքը։
«Հայելի» պատմվածքների ու մոնոդրամաների ժողովածուն դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի երկրորդ գիրքն է։ Առաջինը՝ «Lady S.D.F.»-ը, հայտնություն էր գրական աշխարհում, երկրորդը՝ դրա հաստատումը։ Հաջողված գրվածքից հետո, երբ թվում է՝ ամեն բան ասված է, դժվար է նոր էջ բացելը։ Մանավանդ, երբ արձագանքները դրական են։ Մտավախություն կա ինքդ քեզ կրկնելու, հիասթափեցնելու։ Նորից համոզվում եմ, որ գրելն ապրելու պես մի բան է՝ համարձակություն է պահանջում։
Ա. Թոփչյանի ինքնավստահ ձեռագիրը կտրում է քեզ ոչ միայն ծանոթ դերերից, այլև ծանոթ իրականությունից։ Թեմաները բազմազան են, դրվագները՝ ինքնատիպ, անսպասելի, ասելիքը՝ նոր, իրականությունը՝ ավելի իրական։ «Մարդկային ուղեղը, ասում են, ի վիճակի չէ հորինելու այն, ինչ չկա, ինչը գոյություն չունի բնության մեջ...», բայց իրականության թաքնված նրբերանգները ոչ բոլորն են ի զորու բացելու։ Գրքի առաջին իսկ պատումն ընթերցողին տեղափոխում է ուրիշ հարթություն։ 100 տարի առաջ մեռած սերը կենդանանում է, ներում հայցում և փրկվում։ Ամենասովորական, կենցաղային իրը՝ հայելին, հանկարծ ուրիշ խորհուրդ է ստանում։ «Հայելու մեջ նայելիս մենք միայն մեզ ենք տեսնում, բայց այնտեղ, ապակու հետևը, անագի բարակ շերտի մեջ տպվում են բոլոր նրանց պատկերները, ովքեր ժամանակին նայել են հայելուն»։
«Գալերիստներ» պատմվածքի հերոսն օտար երկրում երեք անհաջող ցուցահանդեսներից հետո, երբ թվում է՝ մոտ է կործանումը, ինչպես և սովորաբար ավարտվում են նման պատմությունները, ձեռնոց է նետում, մենամարտում օտար իրականության հետ՝ նրա իսկ զենքերով։ Էջ առ էջ մոտենում ես Անահիտ Թոփչյան-մարդուն։ Գիրքը գրողի աշխարհն է։ Որքան էլ շրջես այդ աշխարհում, ամբողջությամբ տեսնել չես կարող։ Բայց ծանոթությունը, խոստովանեմ, հետաքրքիր էր։ Թվում է, տեսնում ես հերոսների խաղը, միայն թե վարագույրի հետևից։ Իրականության և անիրականի սահմանը ինչպես երբեմն ներկայացում դիտելիս ես կորցնում, այնպես էլ՝ կյանքում։ Սա կյանքն է՝ շատ մոտ թատրոնին՝ քմայքոտ, զարմանալի պարզ ու հմայիչ։ Տեսանելի է դառնում Ֆրանսիայում ապրող կնոջ ինքնատիպ հայացքը, երբեմն տղամարդու դեր ստանձնող դերասանուհու (կամ հեղինակի) տաղանդավոր փոխակերպումն ու բացահայտումը։ Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը Անահիտ Թոփչյանին անվանեց հայ գրականության դեսպան արտերկրում, որ լավագույնս բացահայտում է հայի ոգին։ Ես կասեի՝ մարդկային հոգին՝ առհասարակ։ Անսերություն, կնոջ ողբերգություն, օտար երկրում ապրողի տագնապ ու հույզեր և, վերջապես, հիվանդ աշխարհի ողբերգություն. «Մի՞թե բոլորն են մեղքի մեջ թաղված, և չկա մեկը, որ առաջինը քար գցի....»։ Արձակագիրը երբեմն հարցեր է առաջադրում, երբեմն էլ յուրովի տալիս դրանց լուծումը անտեսանելի տխրությանը շաղկապված լավատեսական շեշտով։
Անկեղծորեն խոստովանեմ, որ հարցազրույցի համար գրված նախաբանը վերածվեց ակնարկի։ Հարցեր, այնուամենայնիվ, ծնվեցին։
«Իրավունքը de facto»-ի հարցերին Ֆրանսիայից պատասխանում է Անահիտ Թոփչյանը
-Հաճախ արվեստագետին նույնացնում են արած գործի հետ։ Արդարացի՞ է։ Ձեր գործերը կապ ունե՞ն Ձեր կենսագրության հետ։
-Այստեղ պետք է խոսել ոչ թե արդարության մասին, այլ մոլորության: Դա պարզապես ծուղակ է որոշ ընթերցողների համար: Երբեմն նույնիսկ շատ լուրջ մարդկանց: Նրանք միամտորեն նույնացնում են գրողին և իր ստեղծած հերոսներին: Սակայն ես բազմաթիվ հերոսներ ունեմ. եթե այդ բոլորը ես եմ, ապա ո՞վ եմ ես: Ինչո՞ւ են մտածում, որ գրողը, իրենից բացի, ոչինչ չի տեսնում և զգում: Գրողի և դերասանի տաղանդը գերզգայունությունն է, ուրիշի մաշկի մեջ մտնելու և հոգեբանական վերլուծման կարողությունը: Իմ գործերը և նրանց պերսոնաժներն այնքանով կապ ունեն իմ կենսագրության հետ, որքանով դառնում են իմ ուշադրության օբյեկտը, որպեսզի այնուհետև դառնան իմ գրականության նյութը, հերոսները: Անշուշտ, գրողն անտեսանելիորեն ներկա է իր ստեղծած բոլոր գործերում, իր հայացքով, իր դիրքորոշումով, թաքնված իր հերոսների թիկունքում: Հուսամ, շատ բարդ չէ բացատրությունս: Շատ է պատահել, երբ ինձ նույնացրել են իմ պերսոնաժների հետ: Դա այնքան էլ զվարճալի չէ, երբ քեզ խառնում են քո հերոսների հետ, մանավանդ, երբ նրանք դժբախտ, խեղաթյուրված ճակատագրերով մարդիկ են… Երբեմն էլ շատ զավեշտական է, սակայն երկու դեպքում էլ վկայում է ընթերցողի ցածր ինտելեկտուալ մակարդակի մասին: Ստացվում է, որ Դոստոևսկին կացնով պառավ է սպանել իր Ռասկոլնիկովի պես, Չեխովը խենթանոցում է եղել, իսկ Շեքսպիրն արյան գետեր է հոսեցրել Մակբեթի և իր մյուս բազմաթիվ հերոսների պես, Դանթեն գնացել է Դժոխք ու վերադարձել, իսկ Կաֆկան դարձել է բլոճ…
-Օտար երկրում ապրելը, անշուշտ, հետք է թողել Ձեր ձեռագրի վրա...
-Օտար երկիրն ինձ օգնել է նախևառաջ կյանքն ավելի խոր հասկանալու, իմաստավորելու, նոր հայացքով նայելու: Ինչ վերաբերում է ձեռագրին, եթե նկատի ունեք գրելաոճը, ապա գրեթե չի փոխվել…
-Ձեր ամենամեծ գրաքննադատը։
- Ինքս եմ: Իմ խստապահանջությունն ու ճաշակը:
-Շատերը հիացած են Ձեր գործերով, իսկ քննադատություններ եղե՞լ են։
-Բացասական կարծիք մամուլում առայժմ չի եղել: Իսկ ասեկոսեներ… Ո՞վ է դրանք բանի տեղ դնում… Դրանք պարապ, անբան մարդուկների նախանձի արտահայտությունն են, որոնք, ուզես, թե չուզես, մոլախոտի պես աճում են ամենուր:
-Գեղեցիկ և հմայիչ լինելն օգնո՞ւմ է կյանքում... (ինձ թվում է, թե դա տեսանելի է նաև Ձեր գրվածքներում)։
-Ե՛վ օգնում է, և՛ խանգարում: Երբ հիանում են, օգնում է, երբ նախանձում են, խանգարում է: Այն էլ ինչպե՜ս: Գեղեցկությունը մեզանում պաշտպանության կարիք ունի:
-Ասում են՝ հայրենիքը հոգևոր տարածք է, էներգիայի յուրատեսակ աղբյուր...
-Համամիտ եմ: Եվ դա իմ որոշ հերոսների դրաման է, որոնք ձգտում են պահպանել իրենց մեջ այդ հոգևոր տարածքը, նույնիսկ օտարության մեջ… Իսկ հայրենիքի էներգիան ֆիզիկապես շոշափելի է: Այստեղ և սերն ու հիացմունքն են առատ, և նախանձն ու ատելությունը: Սակայն Սիրո լիառատ առկայությունը խեղճացնում է Չարին, և նա շնչահեղձ է լինում իր իսկ չարությունից: Այնպես որ՝ սիրենք իրար:
-Եթե ժամանակը հետ պտտվեր, և նորից սկսեիք ապրել, կա՞ մի բան, որ կփոխեիք կամ կջնջեիք Ձեր կյանքում, կամ հակառակը՝ կուզեիք վերապրել նորից ու նորից։
- Չափազանց ցավոտ հարց է, չէի ուզի խոսել այդ մասին: Ինչ որ եղել է` իմն է, իմ ճակատագիրն է: ՈՒրիշ կերպ երևի չէր կարող լինել: Համենայն դեպս, նույն երկրում և նույն ժամանակաշրջանում: Եթե այլ տեղ ծնվեի, հավանաբար, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Բայց Աստված ուզեց, որ այս երկրում ծնվես և կիսես նրա ճակատագիրը, և, ուրեմն, այդպես պիտի լինի:
-Դերասանուհի Անահիտ Թոփչյանն ավելի շատ օգնո՞ւմ, թե՞ խանգարում է արձակագիր Անահիտ Թոփչյանին։
-Օգնում է: Հատկապես մոնոդրամաները ստեղծելիս: Բեմական փորձն այս դեպքում շատ օգտակար է:
-Արվեստագետ կնոջ տեսակը շա՞տ է տարբեր սովորական կնոջ տեսակից։
-Շատ չէ, պարզապես դա անսովոր կին է:
-Մերօրյա իրականության հանդեպ տագնապը նկատելի է Ձեր գործերում, այնուամենայնիվ, ես ճի՞շտ եմ նկատել՝ Դուք լավատե՞ս եք։
-Ճիշտ եք նկատել: Իմ ամենամռայլ գործերի մեջ անգամ լույս կա: Իմ «Հայելի» պատմվածքում իր մերժված սիրո համար ինքնասպան աղջիկը հատուցում է ստանում անգամ հարյուր տարի հետո: Մի՞թե դա լավատեսություն չէ: Իմ գործերում նաև հումոր կա, որը փրկում է:
-Ինչպե՞ս է վերաբերվում Ձեր ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, Ձեր արվեստին։ Եթե որևէ գրվածք կամ տող նրան դուր չի գալիս...
-Նրան հարցրեք: Սակայն չի պատասխանի Ձեր հարցին, պատճառաբանելով, որ գրական էթիկան թույլ չի տալիս սեփական կնոջ մասին վատ կամ լավ խոսել: Համենայն դեպս, երբ ինձ գովում են, նա ուրախանում է և հպարտ է զգում իրեն: Երբ որևէ բան նրան դուր չի գալիս, անկեղծորեն ասում է, սակայն նման դեպք կարծես չեմ հիշում… Ամենամեծ հեղինակությունն ինձ համար, վերջին հաշվով, իմ ինտուիցիան է:
-Իսկապե՞ս «աշխարհն Աստծո արտացոլումն է», թե՞ աշխարհը կորցրել է իր դեմքը։
-Աշխարհն իրոք Աստծո արտացոլումն է, «Աստվածաշունչն» է այդ մասին ասում: Սակայն Աստծո ստեղծածն աղավաղվել է հենց իր ստեղծած մարդու ձեռքով:
-Գրականությունը, ճշմարիտ ասված խոսքը կարո՞ղ են սպանել մարդուն։ Ձեր հերոսուհին ինքնասպան է լինում սեփական կյանքի մասին պատմությունը կարդալուց հետո:
-Այո, խոսքը զորավոր զենք է. կարող է սպանել, կարող է և փրկել: Ինչ վերաբերում է իմ հերոսուհուն, ապա նա հոգեկան խանգարում ուներ, որ կոչվում է դեպրեսիա: Մենք սովոր ենք դեպրեսիան հասկանալ որպես տրամադրության ճնշվածություն, սակայն դա ավելի բարդ բան է… Իմ զրույցներով, իմ «հոգեբանի աշխատանքով», ես, այսինքն մյուս հերոսուհին` հեղինակը, գրեթե բուժել էր նրան, կայունացրել նրա հոգեվիճակը, սակայն նա մնացել էր չափազանց խոցելի, և բավական էր մի բացասական հույզ, որ ամեն ինչ հօդս ցնդի, և ինքնասպանության ցանկությունը, որ բնորոշ է դեպրեսիային, վերադառնա… Ահա թե ինչու եմ մեկ այլ պատմվածքում շարունակ կոչ անում, որ «հոգու հետ պետք է զգույշ լինել. և՛ քո, և՛ ուրիշի…»: Պատմվածքիս հեղինակ-հերոսուհին չէր կարող անգամ պատկերացնել, որ այդպիսի անդրադարձ կարող է լինել… Այդ պատճառով է ցնցում ապրում և որոշում այլևս չգրել, քանզի խոսքը վտանգավոր զենք է: Եվ երբեք չես կարող վստահ լինել…
-«...Մի կյանք մոռանալու համար առնվազն ևս մի կյանք է հարկավոր»։ Ասում են՝ մարդու կյանքը ժամանակի համար չի նախատեսված, այլ հավերժության։ Անմահության կամ հավերժության Ձեր ընկալումը։
-Անմահությունը վիճակված է աստվածներին և հանճարներին… Կյանքում ունեցած հաջողությունները դեռևս անմահության երաշխիք չեն… Միայն մահիցդ հետո կարող ես իմանալ՝ անմա՞հ ես, թե՞ ոչ… Պարադոքս:
-Ի՞նչը կփրկի այս աշխարհը...
-Դոստոևսկին ասում էր, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը… Կարծում եմ, որ գեղեցկությունն ինքը փրկության, պաշտպանության կարիք ունի… Երևի` խիղճը: Խիղճը կփրկի աշխարհը։ Եվ պատասխանատվությունը: Գիտե՞ք, թե ինչով են տարբերվում գժերը նորմալ մարդկանցից: Գժերը պատասխանատվության զգացում չունեն: Աշխարհը լեցուն է նման մարդկանցով, «հիվանդներով», որ այդ պատասխանատվության զգացումից զուրկ են, և նրանցից ոմանք կառավարում են աշխարհը, տնօրինում են մեր ճակատագիրը… Այդ պատճառով էլ այն վերածվել է խենթանոցի: Եվ դա կարող է կործանման տանել… Սակայն շատ հոռետես չլինենք… Գուցե հրաշք տեղի ունենա, և բանականությունը սթափեցնի մարդկանց, ու ամեն ինչ կարգավորվի: Տեսնո՞ւմ եք՝ դարձյալ լավատես եմ…
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ